Աշխարհ

16.04.2012 11:27


Վրաց պարտիարքը դեմ է բարձր հարկերին և խաղատներին

Վրաց պարտիարքը դեմ է բարձր հարկերին և խաղատներին

Սուրբ Զատիկի կապակցությամբ հղած իր ուղերձում Վրաց պատրիարք Իլիա II–ը խոսել է բարձր հարկերի և խաղատների մասին՝ դեմ լինելով թե՛ մեկին, թե՛ մյուսին։

«Չնայած նրան, որ երկիրը որոշակի զարգացում է ապրել, բնակչության մեծ մասը պաշտպանված չէ։ Ցածր են ազգային արտադրության, միջին և փոքր բիզնեսի ցուցանիշները, շուկայում գերիշխում է ներկրված արտադրանքը, վճարումները, այդ թվում՝ նաև կոմունալ, շատ բարձր են։ Պետք է ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կթեթևացնեն հարկային բեռը»։

Պատրիարքը կարևորել է հարկային բեռի թեթևացումը հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով, որ պետք է օգնել գյուղացուն էկոլոգիապես մաքուր մթերք արտադրելու գործում։ Իլիա II–ը համոզմունք է հայտնել, որ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկը շատ բարձր է, և պետությունը հեշտությամբ կգտնի սպառման շուկաներ։

Պատրիարքը դժգոհել է նաև խաղատների աշխատանքից. «Վրաստանը ոչ միայն ուժ է հավաքում, այլև քարոզում է գռեհիկ մտածելակերպ, որը խաղում է մարդու կենդանական բնազդների վրա։ Դա լիովին հակասում է իրական ազատությանը։ Օրինակ՝ Թբիլիսիի կենտրոնում՝ Պատրիարքարանի մերձակայքում, սուրբ վայրում, կառուցված է «Բուդդա–բար» խաղատունը և բուքմեյքերական կենտրոնը»։

Իլիա II–ը նշել է, որ քաղաքակիրթ երկրներում նման հաստատությունները կա՛մ արգելված են, կա՛մ գտնվում են ծայրամասերում՝ «քաղաքի հասարակական վայրերի, ուսումնական կամ կրոնական հաստատություններից, քաղաքային կենտրոններից մեծ հեռավորության վրա ընկած վայրերում»։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վերջերս այցելել է նույն «Բուդդա–բար» կենտրոնը։

Այս խորագրի վերջին նյութերը